Ողբերգական վթարի հետքերով. Կնոջ հուղարկավորության օրն ամուսինը մահացել է (ֆոտո)
SOCIETYԱրմավիրի մարզում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգական վթարից 5 օր անց հիվանդանոցում մահացել է 52-ամյա Սիմոն Խաչատրյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովտամեջի գյուղապետ Արմեն Սարգսյանը, որի համագյուղացին է մահացածը, հայտնեց, որ երեկ պետք է հուղարկավորեին Խաչատրյանի կնոջը, սակայն մահվան լուրը լսելով` այն հետաձգել են:
«Այսօր երկուսին միասին հուղարկավորելու ենք»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Խաչատրյան ամուսինները երկու երեխա ունեին. որդին ծառայում է Արցախում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարները Volkswagen միջից դուրս են բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Սերբ վարորդը կալանավորված է:



