ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Ֆիլիպինների նախագահի հայտարարությունը սպանություններին իր մասնակցության մասին
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել հետաքննել Ֆիլիպինների նախագահի հայտարարությունը սպանություններին իր մասնակցության մասին։ Նա նախագահի գործողությունները անվանել է միջազգային իրավունքի խախտում ու դատապարտել Ֆիլիպիններում թմարդեղերի դեմ ծավալված պատերազմը։
Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո BBC -ին տված հարցազրույցում պատմել է, որ երբ դեռ Դավաոյի քաղաքապետն էր, անձամբ է մոտոցիկլետով հերթապահություն իրականացրել փողոցներում ու «մի երեք մարդու» կրակելով սպանել։ Նրա խոսքով այդ մարդկանց կասկածում էին բռնաբարությունների ու առեւանգումների մեջ։ Ընդ որում նա մյուսներին կոչ է արել հետեւել իր սեփական օրինակին։
Զեյդը հայտնել է, որ նման ակտերը միջազգային իրավունքի խախտում են։ Իսկ «նույնկերպ գործելու» կոչերը կարելի է որակել որպես բռնության հրահրում։ «Անհնար է պատկերացնել, որ նորմալ գործող դատական համակարգի դեպքում, երբ ինչ-որ մեկը հայտարարում է , որ մարդ է սպանել, ոչ մի հետաքննություն չսկսվի ու դատական գործ չբացվի»,-ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Քոլվիլը Գերագույն հանձնակատարի անունից։
Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարն էլ իր հերթին շեշտել է , որ թմրադեղերի դեմ պատերազմելու մասաին Դուտերտեի կոչերը ՝ ուղղված ոստիկանությանը, զինվորականներին ու հասարակ քաղաքացիներին, երկրում ստեղծել են բռնության ու անպատժելիության մթնոլորտ։ Հունիսի 30-ից սկսած, երբ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, թմրադեղերի դեմ պայքարի շրջանակում երկրում սպավել է 6100 մարդ, այդ թվում հնգամյա երեխաներ։



