Հարավային Կորեայի նախագահի պաշտոնազրկման գործով լսումները կսկսվեն դեկտեմբերի 22-ին
INTERNATIONAL NEWSԿորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանում երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման գործով առաջին լսումը կկայանա դեկտեմբերի 22-ին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:
Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում Էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չԷ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



