Արմեն Աշոտյանն արձագանքել է քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը
SOCIETYՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ ԱրմենԱշոտյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկացած պարագայում, ունենալով հարգանք նրա անցած քաղաքական, մարտական ճանապարհի հանդեպ, ունենալով մարդկային հարաբերությունների՝ իր համար ջերմ պաշար, այնուհանդերձ, պետք է մեջ բերի մի հայտնի ասացվածք. «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»: «Կարծում եմ, որ քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու սահմանադրական իրավունք ունեն բոլոր պաշտոնյաները, նաև նախկին պաշտոնյաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտյանը:
Ինչ վերաբերում է մամուլում հնչող ձևակերպումներին, թե Սեյրան Օհանյանը հանդես է գալու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հետ, Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ ձևաչափերը, որոնց մասին գրում են լրատվամիջոցները, դեռևս արժանահավատ չեն, որ ինքը գնահատական տա: «15 տարի լինելով քաղաքականության մեջ՝ կարող եմ փաստել, որ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին բազմաթիվ նախարարներ... Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:



