Պարզվել է Բեռլինում ամբոխին բախված բեռնատարի վարորդի ինքնությունը
SOCIETY
Պարզվել է Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց վրա բեռնատարն ուղղած մեքենայի ենթադրյալ վարորդի ինքնությունը, հայտնում է Welt թերթը:
Երկուշաբթի երեկոյան անհայտ անձը բեռնատարով բախվել է Բեռլինի կենտրոնում գործող սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ամբոխին: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ:
Թերթի տվյալներով՝ ձերբակալվածը պակիստանցի Նավեդ Բ.-ն է, որը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին: DPA գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, նշում է, որ նա Գերմանիա է մտել բալկանյան երթուղով փետրվարին:
Ավելի վաղ Bild տաբլոիդը հայտնել է, որ նա ժամանել է երկրի հարավ-արևելքում գտնվող գերմանական Պասաու քաղաք 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: Տաբլոիդը նշել է, որ ոստիկանությունն ավելի վաղ իմացել է ձերբակալվածի մասին, նա մանր իրավախախտումներ է կատարել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը խուզարկել են 2008 թվականից ի վեր չգործող Բեռլին-Տեմպելհոֆ օդանավակայանի շենքը, որտեղ այժմ փախստականների համար ապաստան է տեղակայված: Հաղորդվում է, որ ձերբակալված վարորդը գրանցված է եղել այդտեղ:



