Դեսպանի դեմ հարձակումը ՌԴ-ի հետ համատեղ ենք հետաքննելու․ Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումը թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ սադրանքն էր։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, թե ՌԴ-ն ու Թուրքիան կամքի ուժ ունեն չտրվելու այս սադրանքին։
Էրդողանը, ասելով, թե ՌԴ դեսպանի դեմ հարձակման գործը ՌԴ-ի հետ համատեղ է հետաքննվելու, շեշտել է, թե տեղի ունեցածը սադրանք է ուղղված կարգավորվող թուրք-ռուսական հարաբերություններին։
«Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ համակարծքի էինք, որ տեղի ունեցածը սադրանք է»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում ցուցահանդեսում ելույթի ժամանակ թիկունքից սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
Դեսպանի վրա կրակած անձը Անկարայի ոստիկանության ծառայողներից է եղել, սակայն սպանության պահին աշխատանքի մեջ չի գտնվել։



