Պաշտոնյան ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու համար 200-ական դոլար կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է
SOCIETYՀերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները:
Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին, որը հանդիսանում է պաշտոնատար անձ:
Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով:
Ստեփան Միսակյանը ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:



