Ծառայության ընթացքում վնասված զինծառայողները բյուջեի հաշվին արտերկրում կբուժվեն
SOCIETYՄարտական հերթապահության ընթացքում վնասվածք ստացած եւ արդյունքում հիվանդություն ձեռք բերած զինծառայողները պետական միջոցների հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կունենան: Ազգային ժողովը քննարկում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ եւ օրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներն են ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Պատգամավորներն առաջարկում են մարտական հերթապահության ընթացքում վնասվածք ստացած եւ հիվանդություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն տալ պետական միջոցների հաշվին բուժվել արտասահմանում, եթե Հայաստանում հիվանդության բուժումն իրականացնելն անհնար է:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողները: «Բացառություն կլինեն այն դեպքերը, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը զինծառայողի կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է» ,- ասաց պատգամավորը:
Նա հայտնեց նաև, որ այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում:



