Թաիլանդում թույլատրել են կայքերն արգելափակել առանց դատական որոշման
INTERNATIONAL NEWSԹաիլանդի օրենսդրական ասամբլեան հաստատել է այն փոփոխությունները, որոնցով խստացվում է «Համակարգչային հանցագործությունների մասին» օրենքը, հայտնում է Associated Press–ը։
Այդ փոփոխությունները երկրի իշխանություններին թույլատրում են առանց դատական որոշման «որսալ» մասնավոր հաղորդագրությունները ու արգելափակել կայքը, որը «վնասակար» է ճանաչվել ազգային անվտանգության կամ հասարակական բարոյականության համար։
Օրենքն ընդունված է եղել 2007-ին, որպեսզի լրացնի ինտերնետային դաշտում օրենսդրական բացերը։ Սակայն այն սկսել են հիմնականում ընդդիմադիրների դեմ գործածել։
Նոր փոփոխությունների ընդունման դեմ հանրագիրը Change.org կայքում մոտ 300 հազար մարդ է ստորագրել։ Որոշ քննադատների խոսքով, փոփոխությունները զանազան մեկնաբանությունների հնարավորություն են տրամադրում։ Օրինագիծը ուժի մեջ է մտնելու այն բանից հետո, երբ այն կստորագրի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը։



