Իտալիայի դատախազությունը պահանջել է վերսկսել Բեռլուսկոնիի դեմ հետաքննությունը
INTERNATIONAL NEWSԻտալական դատախազությունը պահանջել է վերսկսել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ «Ռուբիի գործով» հետաքննությունը, հայտնում է La Stampa–ն։
Դատախազների կարծիքով, քաղաքական գործիչը կարո ղ էր կաշառել այդ գործով ականատեսներին, լռության դիմաց նրանց վճարելով ընդհանուր առմամբ մոտ 10 մլն եվրո։
Միլանի դատարանը դեռ որոշում չի կայացրել նոր հետաքննություն սկսելու մասին։
2015-ի մարտին վերաքննիչ դատարանը որոշել է Բերլուսկոնիին արդարացնել «Ռուբիի գործով», որն այդպես է կոչվել Ռուբի մականունով մարոկացի աղջիկ Կարիմա էլ Մարուգի անունով, որը Բեռլուսկոնիի հետ ենթադրյալ ինտիմ հարաբերությունների պահին դեռ 18 տարեկան չկար։
Հետաքննությունը սկսվել էր 2010-ին։ Պարզվել էր, որ Արկորում Բեռլուսկոնիի առանձնատանը փակ երեկույթներ էին անցկացվում, որոնց մասնակցում էին անչափահաս աղջիկներ, որոնք իբրեւ գումարի դիմաց ինտիմ ծառայություններ էին մատուցում։
Բեռլուսկոնիի ակտիվ քաղաքական գործունեության տարիներին նրա նկատմամբ հարուցվել է մոտ 80 դատական գործ, նա մասնակցել է ավելի քան 2․5 հազար դատական լսումների։ Նրան մեղադրել են կոռուպցիայի, մաֆիայի հետ կապերի, սեքսուալ սկանդալների հետ առնչության համար։ Նրա դեմ գրեթե բոլոր մեղադրանքները չեղարկվել են՝ կամ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, կամ էլ դատավճիռների բողոքարկման արդյունքում։



