«Դեպի եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլում կգնահատի միջազգային ժյուրին
SOCIETYՀայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս փուլում պայքարն ընթանալու է Արծվիկի, Սյուզաննա Մելքոնյանի, Մարտայի եւ Իջինի միջեւ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հ ասարակայնության հետ կապերի բաժնից:
Եթե 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն 4 մասնակիցներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, ապա 2-րդ կիսաեզրափակիչ փուլում իրենց գնահատականներն են տալու միջազգային ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները sms քվեարկության միջոցով: Միջազգային ժյուրիի նախագահն է շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով հատուկ ժամանել է Հայաստան եւ մասնակցելու է «Դեպի եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին: Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայ ացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ (նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո):
Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Սյուզաննա Մելքոնյան, 03 Արծվիկ, 04 Իջին: Այս փուլի ընթացքում 4 մասնակիցներից կընտրվեն 2 լավագույնները, ովքեր էլ կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում:
Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից՝ յուրաքանչյուր հեռախոսահամարից առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում եւս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին:



