Հայաստանում նվազել է անպտղության ցուցանիշը
SOCIETYՀղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների, ձեռնարկված միջոցառումների եւ լայն քարոզչության արդյունքում արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության նվազում: Այս մասին առողջապահության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` 2016 թվականին ցուցանիշը եղել է 108 տղա 100 աղջկա դիմաց: 2015 թվականին այն կազմել է 113 տղա 100 աղջկա դիմաց, 2014 -ին` 115 տղա 100 աղջկա դիմաց: «Մենք գիտակցում ենք, որ այս արդյունքը պահպանելու համար նորից ջանքեր են անհրաժեշտ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ արդյունքները հավասարվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:
Խաչատրյանն արձանագրեց նաեւ, որ այս տարի նվազել է անպտղության ցուցանիշը` ի հաշիվ երկրորդային անպտղության իջեցման: «Նախարարությունն այս ուղղությամբ եւս շարունակելու է ծրագրեր իրականացնել: Մենք նախատեսում ենք երիտասարդ աղջիկների շրջանում հետազոտություններ անցկացնել` հայտնաբերելու համար այն պատճառները, որոնք բերում են անպտղության»,-հավելեց նախարարի տեղակալը:



