Հրանտ Մելիք–Շահնազարյանի կարծիքով ընդդիմության հաղթանակի դեպքում անգամ մեծ դրական փոփոխություններ չեն լինի Հայաստանում. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի կարծիքով՝ արդեն իսկ երևում է, որ ընդդիմությանը չի հաջողվելու ուժերը համախմբել և միասնական մեկ ճակատով հանդես գալ, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեն շատ հարցերի վերաբերյալ և այդ տեսանկյունից՝ իրար հետ անցնելու ընդհանուր ճանապարհ չունեն: Այդ է պատճառը, որ նրանք հանդես կգան տարբեր դաշինքներով:
«Թե ինչ արդյունքների կհասնեն՝ ժամանակը ցույց կտա, բայց եթե փորձենք գնահատել ընդդիմության շանսերը, ապա բոլորը միասին վերցրած առավելագույնը կարող են ձայների 15–ից 20%–ը հավաքել»,– ասում է Հ. Մելիք–Շահնազարյանը:
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր կուսակցությունների ռեյտինգն իջել է, քանի որ վերջին շրջանում հասարակության մոտ բավականին լուրջ հիասթափություն կա նրանց հանդեպ: Բացի այդ, ընդդիմության շանսերը նվազել են նաև այն պատճառով, որ ընտրական համակարգը իշխանական ուժերին հնարավորություն է տվել ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովել, որն, ի դեպ, ըստ քաղաքագետի, կարող է նաև խնդիր լինել նույն իշխանությունների համար:
«Այստեղ փոշեկուլի էֆեկտ է առաջանում և ուժեղ իշխանական դիրքեր ունեցող քաղաքական ուժը կարող է բոլորին իր կողմը քաշել»,– ասում է Հ. Մելիք–Շահնազարյանը:
Այս պայմաններում հնարավո՞ր է արդյոք առաջիկա 20–30 տարիներին ընդհանրապես իշխող կուսակցության փոփոխություն ակնկալել՝ հարցին, քաղաքագետը պատասխանեց, որ քաղաքական առումով կանխատեսելի չէ, թե այդքան տարի հետո ինչ զարգացումներ կլինեն դաշտում, սակայն այս պահին կարելի է ֆիքսել հետևյալ կարևոր փաստը. «Այժմ իշխանական դաշտում կա մեկ շատ ուժեղ ձևավորված բևեռ, իսկ երկրորդ բևեռը դեռևս չի ձևավորվում: Բայց, ես հույս ունեմ, որ ինչ–որ պահից սկսած կսկսվի այդ երկրորդ բևեռը ձևավորվել՝ ընդդիմադիր ուժերի միաձուլման կամ նոր առաջնորդների ի հայտ գալու պարագայում»:
Նրա դիտարկմամբ՝ ամեն դեպքում մեր երկրում փոփոխություններ տեղի ունենում են, որը պայմանավորված է իշխանության ներսում և ոչ թե՝ ընտրությունների արդյունքում տեղի ունեցող փոփոխություններով:
«Եթե անկեղծ լինենք, եթե անգամ ընդդիմությունը կարողանա ընտրությունների արդյունքում 51% ձայն հավաքել և իշխանության գալ, ապա չեմ կարծում, որ դա մեծ դրական փոփոխություն կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության ներսում գործող անձերի բացարձակ մեծամասնությունն իրենց մոտեցումներով, գործելաոճով և գաղափարներով իրար շատ նման են և անձերի փոփոխությունը, ընդհանուր առմամբ, դրական փոփոխությունների չի կարող բերել»,– ասում է Հ. Մելիք–Շահնազարյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



