Գերմանիայի դեսպանն այցելել է Թուրքիայի մեջլիսի փոխնախագահին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները դիվանագիտական քայլ են ձեռնարկել` մեղմելու պաշտոնական Բեռլինի և Անկարայի միջև լարված հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այցելել է մեջլիսի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըին, ում Գերմանիայում օդանավակայանում սպասեցնել էին տվել` փաստաթղթեր չունենալու պատճառով:
Դեսպանը հանդիպման ժամանակ հայտնել է, որ ցավում է Քյոլնի օդանավակայանում կատարվածի համար: Նա նշել է, որ ոստիկանները գործել են համաձայն օրենքների:
Քյոլնում անհայտ անձինք գողացել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըի պայուսակը, որի մեջ են եղել անձնագիրն ու անձը հաստատող այլ փաստաթղթեր: Պատգամավորը ոստիկանությանը բողոք էր ներկայացրել, Թուրքիայի հյուպատոսարանից ժամանակավոր անձնագիր էր վերցրել, սակայն օդանավակայանում իրավապահ մարմինները նրան միառժամանակ պահել էին և որոշ հստակեցումներ անելուց հետո միայն թույլատրել վերադառնալ Թուրքիա:
Բահչեքափըլըն հայտարարել էր, որ օդանավակայանում վատ վերաբերմունքի է արժանացել, ձերբակալվել է և պահվել հանցագործների հետ: «Շատ նվաստացուցիչ էր իմ երկրի համար: Մենք գերմանացի կամ այլ օտարերկրյա խորհրդարանականի նկատմամբ հարգանք ենք դրսևորում: Շատ վատ պահ անցկացրի»,- ասել է Բահչեքափըլըն:
Գերմանիայի ոստիկանությունը հերքել է թուրք պատգամավորին ձերբակալելու փաստ: Գերմանական կողմը հայտնել է, որ օդանավակայանում միանգամից չեն թույլատրել թռիչքը, քանի որ Բահչեքափըլըի ունեցած ժամանակավոր անձնագրում չի եղել տեղեկություն վիզայի վերաբերյալ:
Փաստի առնչությամբ Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ:



