Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը
SOCIETYԼրագրողները բոյկոտեցին Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը, ով ցանկանում էր պարզաբանում ներկայացնել լրագրողին հարվածելու միջադեպի հետ կապված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանի աշխատանքները լուսաբանող հեռուստաընկերությունների, գործակալությունների և լրատվական կայքերի բոլոր լրագրողները չմասնակցեցին պատգամավորի հրավիրած ասուլիսին՝ համերաշխություն հայտնելով պատգամավորի գործողությունների տուժած իրենց գործընկերոջը, արտահայտելով նաև դժգոհություն այն առնչությամբ, որ պատգամավորը դեպքից անմիջապես հետո հրաժարվել էր պարզաբանում տալ լրատվամիջոցներին:
Ռուբիկ Հակոբյանի ասուլիսին մասնակցել է միայն Ազգային ժողովի լրատվական ծառայությունը:
Լրագրողները նշեցին, որ Ռուբիկ Հակոբյանից միակ սպասելիքն այն է, որ նա հրապարակային ներողություն խնդրի լրագրողից, իսկ եթե նա ասուլիսի ընթացքում ցանկանում էր հենց դա անել, ապա կարող է բոլոր լրատվամիջոցներին հաղորդագրություն ուղարկել և ներողություն խնդրել:
Ազգային ժողովի անցած քառօրյայի ընթացքում հերթական տհաճ միջադեպն է գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև: Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել էր նրա աչքին: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ներողություն խնդրեց խորհրդարանից, որ միջադեպից հետո սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում խորհրդարանի հասցեին քննադատություններ են հնչել իր՝ խորհրդարանականին ոչ հարիր պահվածքի համար: Ռուբիկ Հակոբյանը, սակայն, իր արարքի համար լրագրողից ներողություն չի խնդրել, ավելին՝ հանդես է եկել լրագրողի հասցեին որակումներով:



