Թուրքիայում քրդամետ կուսակցության դեմ գործողություն է իրականացվում. ձերբակալված է 62 անդամ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մի քանի նահանգներում իրավապահ մարմինները ձերբակալություններ են իրականացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչները կուսակցության տարբեր ներկայացուցիչների հասցեներում միաժամանակյա խուզարկում են իրականացրել: Ձերբակալվել են կուսակցության 20 անդամ, այդ թվում և կուսակցության նահանգային կառույցի նախագահ Այսել Գյուզելը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը սոցիալական ցանցի միջոցով հայտնել է, որ ձերբակալվել է նաև կուսակցության Անկարայի կառույցի նախագահ Իբրահիմ Բինիջին: Անկարայում ձերբակալվածների ընդհանուր թիվը 17-ն է:
Քրդամետ կուսակցության ներկայացուցիչների դեմ գործողություն է իրականացվել նաև Ադանայում, որին մասնակցել է շուրջ 500 ոստիկան, զրահամեքենա, ջրցան մեքենաներ և ոստիկանական ուղղաթիռներ: Գործողության հետևանքով ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում և Ադանայի կառույցի նախագահ Հուսեյն Բեյազը: Նրանք մեղադրվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու և նրանց քարոզչությունն իրականացնելու մեջ:



