Յըլդըրըմն ու Բահչելին կրկին կհանդիպեն սահմանադրական փոփոխությունների հարցով
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) սահմանադրական փոփոխությունների շուրջ կատարվող աշխատանքներն ավարտելուց հետո փոփոխությունների առաջարկի վերջնական տարբերակը ներկայացրել է «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Սպասվում է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի՝ սահմանադրական փոփոխությունների քննարկման վերջնական հանդիպումը, որից հետո սահմանադրական փոփոխությունների առաջարկի փաթեթը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը:
Բինալի Յըլդըրըմը և Դևլեթ Բահչելին սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու համար հանդիպել էին դեկտեմբերի 1-ին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 330 պատգամավորական մանդատ: ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿ-ն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել:
Սահմանադրական փոփոխությունները միայն մեջլիսի քվեարկությամբ հնարավոր են անցկացնել 367 պատգամավորի կողմ քվեարկելու պարագայում:



