«Միասնություն» շարժման համար անընդունելի է եվրոպամետների և ռուսամետների միջև դաժան պայքարը
SOCIETYԻնչպես հայտնում է Past.am-ը, այսօր՝ դեկտեբերի 8-ին, «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին՝ «Միասնություն» շարժման անդամներ, հայտնի քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ: Նրանց թվում էին՝ Ռուբեն Մեհրաբյանը, Ստեփան Սաֆարյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մակարյանը, Խաչիկ Գալստյանը, Արման Վարդանյանն ու այլ գործիչներ:
«Միասնություն» շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում ընդգծեց, որ նման քննարկումները թույլ են տալիս լսել ոլորտի մասնագետների կարծիքը, հանրային հնչեղություն տալ մեր հասարակության օրակարգային բոլոր հարցերին և վեր հանել համազգային նշանակության խնդիրներ:
Ըստ Ա.Վարդանյանի՝ նույնիսկ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին միանալուց հետո էլ մեր հասարակական-քաղաքական դիսկուրսում շարունակվում են քննարկումները, թե որ ուղին է արդյունավետ՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ինտեգրացիան:
Պարոն Վարդանյանը նշեց. «Այդ քննարկումները երբեմն վերածվում են եվրոպամետների ու ռուսամետների միջև դաժան պայքարի, այն աստիճան, որ դառնում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ: «Միասնություն» շարժման համար նման մոտեցումներն ընդունելի չեն և իրենց համար գերական ազգային շահի գաղափարն է, պետական շահի գիտակցումը քաղաքական որոշումներ ընդունողների մոտ, պետականամետ մտածողության սերմանումը՝ երիտասարդության շրջանում»:
Բանախոսի պնդմամբ՝ մեր երկրին պետք են հայրենասեր, ազգի նվիրյալ առաջնորդներ, քանի որ նման որակներով օժտված մարդիկ կարող են ավելի վստահ ու արժանապատիվ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականություն վարել: «Մենք հավատում ենք, որ փոքր ազգ լինելով, մենք կարող ենք դառնալ իրական գործընկերներ ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական հարթակներում: Մենք ամենուր ենք, սա 21-րդ դարում մեր ժողովրդի ստրատեգիական առավելությունն է, որը մենք ամեն կերպ պետք է ռեալիզացնենք»,- իր խոսքը եզրափակեց Արման Վարդանյանը:
Լևոն Փանոսյան



