ՍԱՊԾ նոր պետն ու նրա խորհրդականներն առնչություն չունեն ոլորտի հետ. Գեորգի Ավետիսյան
SOCIETYՍԱՊԾ-ն փլուզված կառույց է, այն տարիներ շարունակ կառավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ կապ չունեն: Ինչպես հայտնում է Past.am-ը, այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը: «Նոր պետը` Իշխան Կարապետյանը, առնչություն չունի ոլորտի հետ: Նրա խորհրդականները նույնպես մասնագետներ չեն: Մենեջերը մենեջերների է բերել»,- նշեց բանախոսը:
Ըստ Գեորգի Ավետիսյանի՝ իրեն անհիմն են աշխատանքից ազատել՝ ասելով, որ նոր տնօրենը չի ցանկանում աշխատել իր հետ: Գ. Ավետիսյանը հավելեց. «Ես դիմումս սահմանված կարգով հետ եմ կանչել, սակայն, եթե սահմանված կարգով դիմումս հետ չտան, դատական կարգով պայքարելու եմ: Պատրաստ եմ աշխատել, եթե բերեն մասնագետների»: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի կարծիքով՝ լավ կլինի, եթե ՊՈԱԿ-ն առանձնացվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից և անկախ լինի: Ըստ նրա՝ վարչապետն այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել: Նախկին պաշտոնյան ընդգծեց՝պետք է հետևողական լինել և այնպես անել, որ վարչապետի այս հանձնարարականը կատարվի:
Լևոն Փանոսյան



