Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկել վերջին օրերին երեխաների մոտ հիվանդացության մակարդակի բարձրացման հարցը
POLITICSԱզգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է խորհրդարանում քննարկման առարկա դարձնել վերջին շաբաթվա ընթացքում մանկահասակ երեխաների մոտ հիվանդացության մակարդակի բարձրացման հարցը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այս պարագայում մարդիկ առնչվել են նաև հիվանդանոցային ծառայությունների ոչ պատշաճ մակարդակի և հիվանդանոցնե րի գերծանրաբեռնվածության հետ: «Ես խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որ Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովն այդ խնդրին անդրադառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Արձագանքելով պատգամավորի մտահոգությանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցին խորհրդարանում կանդրադառնան:
Տիգրան Ուրիխանյանը հավելեց, որ խնդիրը իրապես առկա է: «Ես անձամբ բազմաթիվ ընտանիքներում այդ խնդիրը նկատել եմ: Խոսքը մանկահասակ երեխաների մոտ մեծ տեմպերով տարածվող վիրուսային հիվանդության մասին է: Առողջապահության նախարարությունն այս պահին խնդիր ունի ցույց տալու, թե ինչ մակարդակով է աշխատում, բայց բացիթողի վիճակ է: Ես գտնում եմ, որ Ազգային ժողովը կարող է դրդել նրանց հավուր պատշաճի արձագանքել այս խնդրին»,- հավելեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցով արդեն զբաղվում են ու հավելեց, որ յուրաքանչյուր դպրոցում և մանկապարտեզում բժշկական խիստ հսկողություն է: «Եթե զգում են, որ երեխաներից որևէ մեկը հիվանդ է, տուն են ուղարկում: Այնպես չէ, որ այդքան բացիթողի վիճակ է: Իսկ դպրոցներն ու մանկապարտեզները փակելու համար առողջապահության նախարարությունը պետք է որոշում կայացնի, որպեսզի կրթության նախարարությունն էլ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի»,- եզրափակեց ԱԺ նախագահը:



