Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ԸՕ մի շարք կարգավորումներին առնչվող հարցեր
SOCIETYՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստանի Հանրապետություն, բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա զարգացումն ու խորացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երկրորդ համատեղ եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների արտացոլմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ընտրացուցակների հրապարակմանը, ընտրական գործընթացներում տեսախցիկների և դրանց հետ առնչվող սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցերի:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների գծով բաժնի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Լապպինը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:



