Ինչպես են հանրապետականները հասկացել նախագահի՝ հողերի հանձնման ու ԼՂՀ ինքնորոշման մասին հայտարարությունը
POLITICSՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Россия сегодня» լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, որ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջան՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ է եղել, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է այն ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը անդրադառնալով հարցին պարզաբանել էր, որ որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում:
Արցախի հողերի մի մասի վերադարձի ու դրա դիմաց ԼՂՀ ինքնորոշման հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորները:
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի՝ նախագահն իր հայտարարության մեջ խոսել է հստակ: «Նա ասել է, քանի կարգավիճակի հարցը չի լուծվել, հողերի հանձման մասին խոսելն ավելորդ է: Սա դիվանագիտական արտահայտություն է: Ինքնորոշման հարցի լուծումից հետո նոր կարելի է խոսել հողերի թեմայի շուրջ, շեշտում եմ՝ ոչ թե տալ հողերը, այլ խոսել դրա մասին»,– ասաց նա՝ հավելելով, որ հողերի հանձնման հարցը որոշելու է Արցախի ժողովուրդը: «Երբեմն հայտարարություններ են արվում տարբեր լսարանների համար, այնպես որ, եթե նախագահը շատ կտրուկ բաներ ասի՝ այն կդժվարացնի հայաստանյան դիվանագիտությունը: Դրա համար ընտրվել է հստակ բանաձև, եթե լուծվում է Ղարաբաղի ինքնորոշման հարցը, այդ ժամանակ նոր խոսվելու է հողերի մասին: Հնարավոր է, որ հողերի վերադարձի հարցը չքննարկվի, քանի որ անկախության հարցը չի լուծվում»,– ասաց նա:
Իսկ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով զբաղված լինելով օրենսդրական նախագիծ մշակելով, չէր հասցրել ծանոթանալ հայտարարության ամբողջական տեքստին, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց:
«Հավանաբար, կարող եմ ասել, թե ինչի մասին է խոսքը գնում: Եթե խոսքը գնում է տարածքները վերադարձնելու մասին, ապա ուղղակիորեն պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Միայն կարգավիճակի ճանաչելու պարագայում կարող է վերադարձի մասին խոսք գնալ, մնացած պարագաներում չէր կարող»,– ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հանրաքվեի իրավունքի ճանաչումը բավարար չէ խնդրի լուծման համար:
Ինչ վերաբերում է մինչ օրս բազում երիտասարդների արյան գնով պահած հողերի վերադարձի արդարացի լինելուն, պատգամավորը նշեց. «Մենք մինչ օրս արյունք ենք թափել Արցախի ինքնորոշման ճանաչման՝ անկախության ճանաչման համար, ժողովրդի անվտանգության աներկբա երաշխավորության համար»:
Սոսե Չանդոյան



