Թաիլանդը նոր թագավոր ունի
INTERNATIONAL NEWSՀանգուցյալ թագավոր Պումիպոն Ադուլյադետայի (Ռամա 9-րդի) ժառանգորդ ու միակ որդի Մախա Վաչիրալոնգկորնը դեկտեմբերի 1-ին ընդունել է Թաիլանդի նոր թագավոր դառնալու առաջարկը ու թագադրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողության ժամանակ, որը հեռարձակվում էր թաիլանդական հեռուստատեսությամբ, խորհրդարանի նախագահ Պոմպետ Վիչիտչոնչայը կոչ է արել իր ժառանգորդին զբաղեցնել գահը ու ստացել նրա համաձայնությունը։ Այսպիսով ավարտվել է թագադրման գործընթացը, որը պաշտոնապես մեկնարկել էր դեռ նոյեմբերի 29-ին կառավարության նախաձեռնությամբ։
Պալատում հանդիպմանը ներկա էին նաեւ վարչապետ Պրայուտ Չան Օչան, ռեգենտ Պրեմ Տինսուլանոնը ու Գերագույն դատարանի ղեկավարը։
Միապետը թագադրվելուց հետո ստացել է Մախա Վաչիրալոնգկորն Բոդինտխարատխեպխայավարանգկուն անունը։
Ռամա 10-րդը թագադրվել է իր հոր մահվանից 50 օր հետո։ Ռամա 9-րդը մահացել է հոկտեմբերի 13-ին Բանգկոկում 88 տարեկանում։ Վարչապետի հետ հանդիպումից առաջ Վաչիրալոնգկորնը մասնակցել է կրոնական արարողության հանգուցյալ թագավորի դամբարանի մոտ։



