Ամերիկայի հայկական համագումարը պետք է կապեր հաստատի Թրամփի կաբինետի հետ
INTERVIEW
Past.am-ի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը.
– ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և հայկական մյուս կառույցները որևէ թեկնածուի նախապատվություն չտվեցին: Ինչո՞ւ:
– Մենք երբեք դա չենք անում: Ամերիկայի հայկական համագումարն իրավունք չունի ներգրավվելու քաղաքական գործընթացների մեջ: Դա թույլ չի տալիս մեր կազմակերպության գրանցված կարգավիճակը:
– Իսկ արդեն ընտրված նախագահի` Թրամփի աշխատակազմի հետ դուք կապ հաստատե՞լ եք: Նրանց հետ համագործակցելու ծրագիր մշակվա՞ծ է:
– ԱՀՀ–ն, ինչպես նաև այլ կազմակերպություններ պետք է փորձեն այդ կապերը հաստատել: Ու կհաստատեն: Մենք միշտ կապ ունեցել ենք Սպիտակ տան հետ: Բայց նորընտիր նախագահ Դ. Թրամփը հիմա փորձում է կազմել իր կաբինետը: Եկեք սպասենք, թող նա ձևավորի իր կաբինետը, իմանանք, թե ովքեր են աշխատելու, որպեսզի հասկանանք` ինչ դիրքորոշում ունեն, և մենք էլ ինչ պետք է անենք:
– Իսկ այսօր նրա շուրջ եղած մարդկանցից կա՞ն հայամետ դիրքորոշում ունեցողներ, ում ուժերն ու կարողությունները մենք կարող ենք օգտագործել ի նպաստ մեզ:
– Այո, օրինակ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռ. Ջուլիանին, ով շատ մտերիմ է Թրամփի հետ: Նա շատ լավ գիտի հայերին, ելույթներ է ունեցել Ցեղասպանությանը նվիրված ցույցերի ժամանակ: Իսկ ընդհանրապես Թրամփի շուրջ գտնվող շատերը նոր են ոչ միայն մեր, այլև ողջ աշխարհի համար: Ուստի ինչպես բոլորը, այնպես էլ մենք պետք է ուսումնասիրենք, ճանաչենք նրանց, ովքեր կարող են նշանակվել կամ արդեն նշանակվել են նրա կաբինետում:
– Հատկապես մեզ մոտ շատ փորձագետներ համարում են, որ հաշվի առնելով Թրամփի տեսակը, որոշ առումով էքսցենտրիկությունը, այն, որ քաղաքականությունից հեռու է, շատ հնարավոր է, որ հետագայում հանկարծ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
– Ամեն ինչ հնարավոր է: Այս տարվա մարտին նա խոսեց հրեական հզոր լոբբիստական կազմակերպության` AIPAC–ի, տարեկան համաժողովում: Չմոռանանք, որ նրա փեսան հրեա է, իսկ աղջիկը դարձավ հրեա, ու նրանց երեխաներն էլ են հրեա: Թրամփը այդ համաժողովում շատ ուժեղ խոսքեր ասաց Հոլոքոստի, Իսրայելի, Պաղեստինի մասին: Եթե անունները փոխենք, ասենք` Իսրայելը Հայաստան կամ Ղարաբաղ դարձնենք, Պաղեստինն էլ` Ադրբեջան, այդ խոսքերը նույնությամբ կարելի է մեզ էլ վերագրել: Հիմա` Թրամփին կարող ենք ներկայացնել, որ նման խնդիր կա: Ու ինչո՞ւ պետք է Հոլոքոստը ճանաչվի, իսկ Հայոց ցեղասպանությունը` ոչ: Միգուցե Թրամփը լինի այն նախագահը, ով Ռեյգանից հետո վերջապես ճանաչի և ընդունի Հայոց ցեղասպանությունը: Պետք է աշխատել այդ ուղղությամբ:
– Բայց հաշվի առնելով Իսրայելի դիրքորոշումը, որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, Ձեր նշած հանգամանքը գուցե հակառա՞կ ռեակցիա ունենա:
– Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար ևս մեկ անգամ շեշտում եմ` մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց որ ճանաչումը մի օր լինելու է, համոզված եմ: Դա, իհարկե, կախված է մեր աշխատանքից, տվյալ նախագահից և աշխարհի խնդիրներից, որովհետև այսօր ամեն ինչ քաղաքականացվում է:
Արփի Սահակյան




















































