Զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը
SOCIETYՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը հանդիպել են «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանին, ՀԿ անդամներին և շահառուներին: Վերջիններս ներկայացրել են իրենց անհանգստությունը զիպրեքսա դեղի 2017 թվականին հասանելիության և «Նորք» հոգեբուժական կենտրոնում առաջին փսիխոտիկ էպիզոդի բուժման ծրագրի շարունակականության վերաբերյալ:
«Այս դեղը հնարավորություն է տվել մեր շահառուներին առողջանալու, վերականգնվելու և ինտեգրվելու հասարակությանը, դառնալու նրա լիարժեք անդամ։ Նրանցից շատերը աշխատում են, ընտանիք են կազմել և ապրում են լիարժեք կյանքով»,- նշել է Կարինե Թուխիկյանը։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները հայտնել են, որ զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը: Իսկ ներկա պահին իրականացվում է ծրագրի վերլուծություն` առողջապահական, սոցիալական ցուցանիշների վերաբերյալ: Մասնագետների հավաստմամբ` ծրագրի արդյունավետության գնահատում կատարելուց հետո, որը կամփոփվի մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ, ՀՀ առողջապահության նախարարին կներկայացվեն հետագա քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները: Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի անդամներին առաջարկվել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել շահառուների հասարակությանը ինտեգրման մասին, մասնակցել համատեղ աշխատանքներին:



