Դասընթացավարների համար կազմակերպվել է ԵՄ արտահանման թեմայով վերապատրաստում
SOCIETYՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Բիզնեսի աջակցության ցանցը ՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) նախաձեռնությամբ, անցկացրեցին «ԵՄ արտահանման ընթացակարգեր» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:
Դասընթացի նպատակն էր ընդլայնել բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքները տեղական ապրանքները ԵՄ երկրներ արտահանման ընթացակարգերի և պահանջների վերաբերյալ: Հետագայում դասընթացավարները կօգտագործեն ձեռք բերված գիտելիքը` գործարար համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և վերջինների արտահանման հմտություններն ու կարողություններն ընդլայնելու նպատակով:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: Բացումից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի` միջազգայնացման գործիքները, ՁԵՑ-ի գործունեությունը Հայաստանում:
Դասընթացը վարեցին պրոֆեսիոնալ դասընթացավարներ Ռուբեն Սարուխանյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ունեն փորձառություն ինչպես դասընթացների վարման, այնպես էլ արտահանման կազմակերպման խորհրդատվության վերաբերյալ:
Հայաստանում ՁԵՑ-ի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:



