Թրամփը սպառնացել է չեղարկել Կուբայի հետ համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չեղարկել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Բարաք Օբամայի կողմից ձեռնարկված միջոցառումները՝հասկացնելով, որ այդ պատմական համաձայնագիրը կարող է վտանգված լինել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Եթե Կուբան պատրաստ չէ այն համաձայնությանը, որն ավելի շահավետ է կուբացիների, կուբայական ծագումով ամերիկացիների ու ընդհանուր ԱՄՆ-ի համար, ուրեմն ես կչեղարկեմ այդ համաձայնագիրը»,- գրել է Թրամփը իր Twitter միկրոբլոգում։
Այս հայտարարությունը համահունչ է վերջին ամիսներին ամերիկա- կուբայական հարաբերությունների թեմայով Թրամփի մյուս հայտարարություններին։ Նրա խոսքով առկա պայմանավորվածությունները միայն Հավանային են ձեռնտու։ Այս թեման ուշադրության կենտրոնում է հայտնվել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվանից հետո։
Թրամփի վարչակազմի ապագա ղեկավար Ռայնս Պրիբուսը նախօրեին հայտնել էր, որ Թրամփը պատրաստ է չեղարկել Կուբայի նկատմամբ Օբամայի նախաձեռնությունը։ Նա հավելել է, որ ամերիկա-կուբայական հարաբերությունների ապագան պայմանավորված կլինի նրանով, թե Հավանան որքանով պատրաստ կլինի «շարժվել ճիշտ ուղղությամբ» մարդու իրավունքների պահպանման ոլորտում։
			
			
			
			
			
				
			
			
			


