Սեբաստիան Կուրցը դատապարտել է թուրքական կիբերհարձակումներն Ավստրիայի ԱԳՆ կայքի վրա
INTERNATIONAL NEWSԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայից Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական կայքի վրա իրականացված կիբերհարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Österreich պարբերականին տված հարցազրույցում Կուրցը նշել է. «Նմանօրինակ հարձակումները մեզ չեն վախեցնում: Թուրքայի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվելու»:
Ավստրիայի արտգործնախարարության խոսնակ Թոմաս Շոնելը պետական APA գործակալության հետ զրույցում հայտնել է, որ նոյեմբերի 25-ին Թուրքիայից հազարավոր DDoS հարձակումներ են իրականացվել ԱԳՆ կայքի վրա, ինչի հետևանքով այն միառժամանակ դարձել է անհասանելի:
Ավստրիայի ԱԳՆ կայքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է թուրքական «Առյուծ զինվորներ» անունն ունեցող հաքերային խումբը, որն այդ մասին գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում: Հարձակումը հաջորդել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին Ավստրիայի խորհրդարանի կողմից Կանաչների կուսակցության ներկայացրած առաջարկն ընդունելուն:



