Սիրիայում կես միլիոն երեխա ապրում է պաշարման պայմաններում. ՅՈւՆԻՍԵՖ
INTERNATIONAL NEWSՄոտ 500 հազար երեխա Սիրիայում ապրում է պաշարման պայմաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՅՈւՆԻՍԵՖ-ին:
Մեկ տարուց քիչ ժամանակահատվածում պաշարման մեջ ապրող երեխաների թիվը կրկնապատկվել է, ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում:
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ողջ երկրում 16 շրջաններում երեխաները գրեթե ամբողջությամբ կտրված են արտաքին աշխարհից, չեն ստանում մարդասիրական օգնություն և զրկված են առաջին անհրաժեշտության ծառայություններից, այդ թվում՝ բժշկությունից և կրթությունից:
«Երեխաները մահանում են և վիրավորվում, նրանք չափազանց վախեցած են դպրոց գնալու կամ խաղալու համար, նրանք ապրում են սննդի պակասի և դեղորայքի գրեթե ամբողջական բացակայության պայմաններում»,- նշում է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ որոշ սիրիական համայնքներ երկու տարի է, ինչ չեն ստանում գրեթե ոչ մի օգնություն:
ՅՈւՆԻՍԵՖ-ի գնահատականներով՝ Հալեպի միայն արևելյան հատվածում պաշարման մեջ է հայտնվել 100 հազար երեխա:



