Իսրայելում բռնկված հրդեհների առնչությամբ 35 մարդ է ձերբակալվել
SOCIETY
Իսրայելում ողջ երկրով մեկ ուժեղ հրդեհների առաջացման սկզբից ի վեր 35 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են դիտավորյալ հրդեհումների մեջ: Նրանց մեծ մասը Պաղեստինյան ինքնավարության բնակիչներ են, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով իսրայելական ռադիոյին:
Նոյեմբերի 24-ին Հայֆայում հրդեհներ են սկսվել, որոնք տարածվել են երկրի կենտրոն և հյուսիս: Տարհանվել է 60 հազար մարդ: Իսրայելի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությունների մասին:
Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում հրդեհները դիտվելու են որպես ահաբեկչություն, և դրանք ունենալու են համապատասխան արձագանք:
Իսրայելի ներքին անվտանգության հարցերով նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է ահաբեկչության նոր ձևի մասին: «Դա արդեն բավական ակնհայտ է, որ հրդեհների մի մասը դիտավորյալ հրդեհման հետևանք են: Ինչպես հայտարարել է վարչապետը, դա ահաբեկչություն է»,- ասել է նա:
Իսրայելցի արաբների ներկայացուցիչները, որոնք կազմում են երկրի բնակչության 17,5 տոկոսը, հերքում են մեղադրանքները՝ նշելով, որ արաբների տները տուժում են կրակից նույնքան, ինչքան իրենց հրեա հարևանների տները:
Ավելի վաղ այսօր Իսրայելի հակահրդեհային ծառայությունը հայտնել է, որ բոլոր հրդեհները մարվել են: Ամենաշատը տուժած նավահանգստային Հայֆա քաղաքում վնասվել է մոտ 1800 բնակարան, ավելի քան 500-ը բնակության համար ոչ պիտանի է դարձել, վիրավորվել է ավելի քան 120 մարդ:



