Հրաչյա Ռոստոմյանը «Սառույցի թագավորները» շոուի կազմակերպիչների հետ քննարկել է մեր երկրում գեղասահքի զարգացման հեռանկարները
SOCIETYՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Սառույցի թագավորները» («Kings on ice») սառցե շոուի կազմակերպիչների հետ և քննարկել մեր երկրում գեղասահքի զարգացման հեռանկարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գործակալ Արարատ Զաքարյանըներկայացրել է իր նկատառումները՝ Հայաստանում գեղասահքի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ծրագրերի և նախագծերի վերաբերյալ: «Այն շքեղ շոուն, որ ներկայացնելու ենք նոյեմբերի 27-ին Երևանում, ևս մեկ ազդակ կդառնա ամենագեղեցիկ մարզաձևերից մեկի՝ գեղասահքի մասսայականացման համար»,- ասել է Զաքարյանը:
Նախարար Ռոստոմյանը հյուրերին է ներկայացրել այն աշխատանքային ծրագրերը և միջոցառումները, որոնք իրականացվելու են նախարարության կողմից՝ ի նպաստ Հայաստանում գեղասահքի զարգացման: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ Երևանում արդեն իսկ գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, որտեղ մարզվում են բազմաթիվ երեխաներ: Ոչինչ մեկ օրում չի լինում, այդ իսկ պատճառով պետք է աշխատել, աշխատել համախմբված, միասնական և նվիրումով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գեղասահքի վաստակաշատ մարզիչների կողմից մեր երկրում մարզական սեմինարների անցկացման հնարավոր ուղիները:



