Հունիսի 19-ին հավաք-երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
SOCIETYԷլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակվում է:
Վերջին միջոցառումից՝ հեծանվաերթից հետո, կազմակերպիչները նախատեսում են նոր երթ: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը նշել էր, որ հեծանվաերթից հետո նախատեսվում են մշակութային միջոցառում և ավտոերթ, սակայն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական խմբում կազմակերպիչները նոր միջոցառման՝ քայլերթի հրավեր են կազմակերպել, որում նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ, հունիսի 19-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է, ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում: Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն արդեն իսկ ապօրինի է: Լինենք պահանջատեր:Հիշեցնում եւ նախազգուշացնում ենք,որոշողը մենք ենք:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն:
Պայքարի ակտիվիստներից Արտուշ Չիբուխչյանը կոչ է անում.
«Կամ գլուխներս կախ գնում ենք ու վերևից անընդհատ խփում են մեր գլխին, մտնում մեր գրպանը, մեր հալալ քրտիքնով աշխատած գումարը ձեռներիցս տանում։ Կամ գլուխներս բարձրացնում ենք, նայում խփողի աչքերին, ձեռքից բռնում ու ջարդում էդ ձեռքը»։
Բացատրելով մշակութային միջոցառումների և ավտոերթի բացակայությունը՝ Past.am-ի հետ զրույցում պայքարի ակտիվիս Միար Ավագյանը նշեց.
-Բացի դրանցից, այլ միջոցառումներ ևս նախատեսվում են: Իսկ նշված միջոցառումների կազմակերպումը ընթացքի մեջ է, դրանց կազմակերպումը պարզապես ժամանակի խնդիր է, շուտով կհայտարարվեն այդ միջոցառումների օրերը:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարը աչքի ընկավ մեծ մասսայականությամբ:
Պայքարի կազմակերպիչները նշում են, որ այս միջոցառումներն ինքնակազմակերպված են, իրենց օժանդակում են որոշ կուսակցություններ, բայց պայքարը ժողովրդի ձեռքում է և չի հարում քաղաքական որևէ կուսակցության:
Արուսիկ Տիգրանյան



