Շիրակի մարզն ու ՌԴ Ուլյանովսկի երկրամասը սերտացնում են բարեկամական կապերը
POLITICSՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նոյեմբերի 22-ին ստորագրել են 2016-2018թթ. նոր միջոցառումների անցկացման համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի կառավարության միջև դեռևս 2009 թ. «Առևտրատնտեսակա, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին» կնքվել է համաձայնագիր, որի շրջանակներում անցած տարիներին փոխադարձ այցելություններ ու մշակութային կրթական ոլորտներում համագործակցություն է ծավալվել: 2017թ-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, արարողության մասնակից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրերին ողջունելով ` նշել է, որ Ուլյանովսկի շրջանը և Շիրակի մարզը երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: «Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն արդեն համարյա տասնամյակի պատմություն ունեն, ուրախ եմ,որ մենք կրկին անգամ ամրապնդում ենք մեր համագործակցությունը, գիտեմ, որ հիմնականում մշակութային ու կրթական բնագավառներում ենք կապեր հաստատել, այս առումով անելիքներ ունենք տնտեսական համագործակցության ծավալման ու ամրապնդման համար»,-նշել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
«Ուլյանովսկը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող շրջաններից է և կարևորում է փոխգործակցության ակտիվացումը Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում: Այդ համագործակցության զարգացմանը մենք միշտ կողմ ենք եղել և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական համագործակցության, մարզում ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորությունը»,- նշել է Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:
Ուլյանովսկի նահանգապետը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հրավիրել է այցելել իրենց երկրամաս աշխատանքային խմբով` քննարկելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին պարգևատրել է Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, իսկ Սերգեյ Մորոզովը «Ցանկությունների հուշագիր» է նվիրել Շիրակի մարզպետին` նշելով, որ այնտեղ լավագույն ցանկություններն են` ուղղված Շիրակի մարզի ողջ ազգաբնակչությանը:
Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի որոշմամբ` «Ազգերի բարեկամություն» շքանշանով պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը` Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև բարեկամության ամրապնդման, մշակութային, կրթական հարաբերությունների խորացմանը նպաստելու« համատեղ ծրագրերի իրականացման հարցում լավագույն աջակցություն ցուցաբերելու համար:
Արմենուհի Մխոյան



