Զարուհի Փոստանջյան. Հայաստանում դեռ իրական ընտրություններ չեն անցկացվել
POLITICS
Past.am-ի հյուրն է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.
– Տիկին Փոստանջյան, խորհրդարանական առաջիկա ընտրություններն ի՞նչ իրավիճակ են ստեղծել ներքաղաքական դաշտում:
– Սպասողական, որոշ չափով անորոշ, բայց սպասումների այն ակնկալիքով, որ ինչ–որ պայթյուն տեղի կունենա: Չի բացառվում, որ այդ պայթյունը բերի քաոսի՝ զարգացման առիթ դառնալով:
– Ինչպե՞ս եք վերաբերվում դաշինքներին:
– Դաշինքների կազմումը չպետք է լինի արհեստական, պահից ելնելով, միայն խորհրդարանում ձայներ ունենալու նպատակով: Դաշինքները պետք է կազմվեն հստակ օրակարգի շուրջ և ունենան երկարաժամկետ ուղղվածություն: Եթե դաշինքը կազմվում է մեկ օրվա համար կամ մի անձի դեմ լինելու համար, անարդյունք է:
– Ձեր կարծիքով՝ մեր քաղաքական ուժերը կկարողանա՞ն իրենց ամբիցիաները մի կողմ դնել և մի գաղափարի շուրջ համախմբվել:
– Եթե կա գաղափար, ամբիցիան չի կարող գերակայել, իսկ, եթե կա ամբիցիա և չկա գաղափար, ինչի՞ մասին է խոսքը, կարևորը գաղափարը կիսելն է: Ամբիցիա հասկացությունն արհեստականորեն է ներմուծված: Պարզապես պետք է հստակ գաղափարի և օրակարգի շուրջ համախմբվել, ոչ թե անձի կամ անձանց:
– «Ժառանգությունն» ի՞նչ սպասելիքներ ունի առաջիկա ընտրություններից:
– Մենք դա որպես ընտրություն չենք դիտարկում, որովհետև Հայաստանում դեռ իրական ընտրություններ չեն անցկացվել, դրանք եղել են բողոքի և ընդվզման միջոցառումներ: Եթե ամեն ինչ գնա այսպիսի սցենարով և տրամաբանությամբ, ապագա «ընտրությունները» ևս կդառնան բողոքի և ընդվզման միջոցառումներ: Պետք է բողոքել, ընդվզել և, ի վերջո, հասնել հաղթանակի:
– Ո՞րն է լինելու քաղաքացիական հասարակության դերն այս ընտրություններին:
– Մեր հասարակության հիմնական խնդիրն է՝ լինել ոչ միայն քաղաքացիական հասարակություն, ունենալ քաղաքացիական պատասխանատվություն, այլև կրել քաղաքական պատասխանատվություն: Մենք մեզ պետք է դիտարկենք ոչ միայն Հայաստանում բնակվող հասարակություն, այլև համահայկական հասարակություն: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ևս պետք է ինտեգրվեն Հայաստանի սոցիալական և քաղաքական միջավայրին: Այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ քաղաքական պատասխանատվություն կրող քաղաքացիական հասարակություն ենք:
Լիլիթ Վահանյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card