Փոփոխությունները պետք է լինեն խորքային, այլ ոչ թե՝ կոսմետիկ
INTERVIEWՀայաստանյան կառավարության և վարչապետի գործունեության հետ կապված իրենց ակնկալիքների մասին Past.am-ը զրուցեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ:
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն այս կառավարությունից շատ մեծ ակնկալիքներ չունի, ասում է, որ ինչ–որ փոփոխություններ կինեն, բայց դրանք խորքային կլինեն, թե կոսմետիկ՝ չի կարող ասել: Նշում է, որ «մեյք–ափով» չպետք է սահմանափակվել: «Շատ հեշտ է մեզ համոզել, որ դրական փոփոխություններ կան, բայց արդյոք այդպե՞ս է, թե ոչ, դուք տեսնում եք փողոցում, շփվելով ձեր բարեկամների և մտերիմների հետ: Դա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն ստատիկ տվյալները, որ հաղորդում են մեզ հեռուստացույցից: Դրական փոփոխությունը պիտի տեսնեք և լսեք: Եթե դուք չեք տեսնում, չեք լսում և չեք զգում ձեր մաշկի վրա, ուրեմն դրական փոփոխություններ չկան: Ձեզ միայն համոզում են, որ կան: Իսկ 2017 թ. ընտրություններից հետո պարզ կլինի` սրանք խորքային ռեֆորմներ են, թե՞ կոսմետիկ: Կարող է այս ամբողջը արվում է ընտրությունների համար»,– նշեց ռեժիսորը:
Գրող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ երբ մեր երկիրը արտերկրում ներկայացնում են Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը, դա ուղղակի վիրավորական է Հայաստանի համար:
«Ի վերջո այդպիսի զգացումներ էլ կան, բացի այն, որ վատ ենք ապրում ու բան չի փոխվում: Չգիտեմ ինչի հենց նոյեմբերի 18–ին եք հարցնում այդ մասին, բայց քանի որ հարցնում եք, կասեմ, որ ընդհանրապես մեր իրավիճակում հարկադրված ենք փոփոխությունների հետ հույսեր կապել, որովհետև մտածում ենք, որ ավելի վատ չի կարող լինել: Կարեն Կարապետյանը ավելի ներկայանալի է` մեկ, երկրորդը՝ փոփոխություններով սկսեց իր գործունեությունը: Բայց ես դեռևս բացի նախարարներին դիտողություններ անելուց, անձեռնմխելի անձանց իշխանության ոլորտից հեռացնելուց, այլ բան չեմ տեսել: Մեր ակնկալիքներն ավելի մեծ են: Մասնավորապես մեր մամուլը գրում է Ադրբեջանին վերաբերող տարբեր բացասական բաներ, բայց ճշմարտությունն այն է, որ այդ երկրի ղեկավարը սեպտեմբերին Մենգիչաուր քաղաքում արտադրական «պարկ» բացեց, որը նախատեսում է 10 ֆաբրիկա ու գործարան ստեղծել 5–6 հազար աշխատատեղով: Ես կուզեի մեր կառավարությունը նույնպես այդպիսի ծրագրերի մասին հայտարարեր»,– նշեց մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանի խոսքով՝ մենք հիմա գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ ժամանակակից աշխարհին համաքայլ լինելու համար պետք է համարձակ քայլեր և լուրջ ծրագրեր իրականացնել: Վերջինս շեշտում է, որ վարչապետը պետք է պատասխանատու լինի նաև քաղաքական իրավիճակի համար, այսինքն՝ չլինի միայն երկրի թիվ մեկ տնտեսվարը:
«Վերջին ՏԻՄ ընտրությունները խայտառակ կերպով ընթացան, և արդյոք Կարեն Կարապետյանը ոչ մի ձևով չպիտի՞ արձագանքի կամ պատասխանատվություն կրի այդ ընտրությունների համար, եթե, իհարկե, այն նախընտրական նախագիծ չէ մինչև ապրիլի 2–ը»,– հավելեց Վահրամ Մարտիրոսյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
2
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
3
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
4
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
5
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms



