Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վարդենիսում 16-ամյա Սյուզաննայի դաժան սպանության գործով նոր դատաքննություն. 12 տարի անց՝ ՄԻԵԴ որոշումից հետո

SOCIETY

1in.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Նարինե և Բագրատ Նալբանդյանների գործի նոր դատական քննությունը:

Գործը 2016 թվականի նոյեմբերի 9-ին մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ՝ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի:

Այս գործը ժամանակին՝ 12 տարի առաջ, հնչեղություն ուներ: Սակայն նրա ներկա հնչեղությունը ավելի մեծ է, քանզի հենց այս գործով օրինական ուժ ստացած, ի կատար ածված դատավճիռը բեկանվեց այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացվեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ըստ եվրոպական դատարանի որոշման՝ սպանության մեջ մեղադրվող Նալբանդյան ամուսինների ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Խախտվել է նաև Նալբանդյանների արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը:

Համաձայն եվրոպական դատարանի որոշման՝ Հայաստանի Հանրապետության բյուջեից Նալբանդյաններին պիտի վճարվի 62 հազար եվրո:

Եվրոպական դատարանի կայացրած որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է վաղուց արդեն օրինական ուժ ստացած դատական ակտերը, գործն ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր դատական քննության:

Այս գործով բեկանված դատավճիռը հրապարակվել է 2005 թվականի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:

Նարինե Նալբանդյանը և նրա ամուսին Բագրատ Նալբանդյանը մեղավոր են ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում անչափահաս աղջկա՝ իրենց դստեր դասընկերուհու սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ,7-րդ կետերով:

Նարինե Նալբանդյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2004 թվականի հուլիսի 9-ից:

Բագրատ Նալբանդյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Երկու տարի առաջ Բագրատը, կրելով պատիժը, դուրս է եկել ազատություն: Նարինեն դեռ կրում է պատիժը:

Ի՞նչն է այն ժամանակ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը համարել հաստատված, ի՞նչ հիմնավորումներով է կայացվել մեղադրական դատավճիռ, որը այսքան տարի հետո բեկանվել է, ու գործը նոր դատական քննության ենթարկելու համար նորից ուղարկվել է նույն մարզի նույն՝ առաջին ատյանի դատարանի Ճամբարակի նստավայր:

Ըստ այդ բեկանված դատավճռի՝ 2004 թվականի մայիսի 30-ին, ժամը 18-ի սահմաններում Վարդենիս քաղաքի 16-ամյա բնակչուհի Սյուզաննա Սարգսյանը քրոջ տնից իրենց տուն գնալու ճանապարհին մտել է Նալբանդյանների տուն՝ նրանց դստեր՝ իր դասընկերուհու հետ զրուցելու համար:

Նալբանդյանների դուստրը տանը չի եղել: Տանտիրուհին՝ Նարինեն, Սյուզաննային հրավիրել է խոհանոց: Նարինեն ու Սյուզաննան վիճաբանել են:

Պատճառը, ըստ դատական ակտի, եղել է այն, որ Նարինեի դուստրը Սյուզաննայի մասին վարկաբեկող տեղեկություններ է տարածել՝ իբր՝  նա ծխում ու սիրածներ է պահում:

Վեճի ընթացքում, ըստ դատական ակտի, Սյուզաննան Նարինեին ասել է, թե նրանց ընտանիքում անընդհատ վեճ ու կռիվ է, Նարինեն ծեծում է իր ամուսին Բագրատին, նույնիսկ մուրճով հարվածել է նրա գլխին, ինչի վերաբերյալ քրեական գործ է քննվել: Տուժողը նաև սպառնալիքներ է հնչեցրել:

Դատական ակտում կարդում ենք. «Նարինե Նալբանդյանը զայրանալով, որ քչերին հայտնի իրենց ընտանեկան աննորմալ հարաբերությունների մասին տուժողը երեսով է տալիս… վերցրել է «Ջերմուկի» կիսով չափ լիքը ապակյա շիշը և դիտավորությամբ հարվածել է Սյուզաննայի քթի շրջանին՝ պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, ապա մի քանի անգամ հարվածել է Սյուզաննայի գլխի տարբեր մասերին՝ պատճառելով փակ, բութ գանգուղեղային վնասվածք… Սյուզաննան գիտակցությունը կորցրել, ընկել է հատակին… Գիտակցությունը կորցրել է նաև Նարինե Նալբանդյանը: Խոհանոց մտած նրա ամուսին Բագրատ Նալբանդյանը… կնոջը ուշքի է բերել: Կինը նրան պատմել է տեղի ունեցածի մասին: Բագրատ Նալբանդյանը օժանդակել է կնոջը և նրա հետ միասին առանձին դաժանությամբ սպանել են Սյուզաննա Սարգսյանին: Այդ նպատակով նա կնոջ պահանջով վերցրել է մետաղյա հաղորդալար, որն օգտագործել է ձիերի ոտքերը կապելու համար՝ պայտելու ժամանակ: Հաղորդալարը նա կտրել է բակում եղած երկաթ կտրելու մեծ մկրատով, հաղորդալարի երկու կտոր տարել է խոհանոց: Մի կտորով Նարինե Նալբանդյանը կապել է Սյուզաննայի պարանոցը, մյուս կտորով Բագրատը թիկունքի շրջանում կապել է Սյուզաննայի ձեռքերը՝ նույն հանգույցաձևով, որով կապում է ձիերի ոտքերը՝ պայտելու ժամանակ:

Քանի որ տուժողը թույլ ձայներ է հանել, Նարինեն շորի կտորով կապել է նրա բերանը… Տուժողին անգիտակից վիճակում թողել են խոհանոցում, դուռը փակել, դուրս են եկել՝ թողնելով, որ նա ստացած վնասվածքներից դանդաղ մահանա… Հինգ-վեց ժամ հետո, մայիսի լույս 31-ի գիշերը Նարինեն ու Բագրատը, մտածելով, որ Սյուզաննան մահացել է, երկուսով նրա մարմինը խոհանոցից դուրս են բերել բակ, հողամասի միջով տարել… ու գցել են իրենց պարսպից 15-20 մետր հեռավորության վրա գտնվող… մազութի բետոնապատ հորը, որը… 1,5 մետր խորությամբ ջրով է լցված եղել: Այդ հորում տուժողը մահացել է…

Տուժողի դիակը հայտնաբերվել է դեպքից 9 օր հետո ոստիկանների կողմից…

Դատարանում Նարինե և Բագրատ Նալբանդյաններն իրենց մեղավոր չեն ճանաչել: Պնդել են, թե Սյուզաննա Սարգսյանի հետ առնչություն չեն ունեցել, անհետանալու օրը նա իրենց տանը չի եղել, իրենք նրան ընդհանրապես չեն տեսել: Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական և միմյանց մերկացնող ցուցմունքներ են տվել իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվելու հետևանքով… Բագրատ Նալբանդյանը միաժամանակ ընդունել է, որ իրենց տանը առկա է հաղորդալար, որով ինքը հատուկ հանգույցի ձևով կապում է ձիու ոտքերը՝ պայտելիս: Նույն հաղորդալարով ու նույն հանգույցով կապված են եղել Սյուզաննայի ձեռքերը… Նարինե Նալբանդյանն ընդունել է, որ աղջկա դիակը հայտնաբերելու օրը ինքը լվացել է իրենց տան գորգերը, պատճառաբանել է, թե լվացել է ութ ամիս առաջ ամուսնուն մուրճով իր կողմից հարվածելու հետևանքով գորգերի վրա թափված արյան հետքերը… Նարինեն նշել է, որ իրենք ամուսնալուծվել են 1998 թվականին, բայց շարունակել են վարել համատեղ տնտեսություն…»:

Դատարանը եզրահանգել է. «Իրենց նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ կիրառելու արդյունքում խոստովանական և մերկացնող ցուցմունքներ տալու մասին Բագրատ և Նարինե Նալբանդյանների պատճառաբանությունները մտացածին են ու անհիմն և հերքվում են ինչպես հենց իրենց կողմից տրված հակասական, իրարամերժ, գործի փաստական հանգամանքներից չբխող ցուցմունքներով, այնպես էլ գործի մյուս տվյալներով… Քննության ընթացքում բռնություններ կիրառելու մասին ամբաստանյալների դիմումների հետ կապված՝ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվել, և այդ փաստը չի հիմնավորվել, որի արդյունքում նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է…»:

Նշենք, որ Նալբանդյանների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը ներկայումս բողոքարկել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության հիշյալ որոշումը: Բողոքն ըստ ընդդատության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից ուղարկվել է նույն՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Փաստորեն այդ դատարանում քննվելու է ինչպես մայր գործը, այնպես էլ փաստաբանի բողոքը՝ այն ժամանակ դատախազության կայացրած որոշման դեմ:

Հավելենք նաև, որ փաստաբանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործի քննությունից լավ սպասելիքներ չունի, նա հայտարարել է, որ այդ դատարանում այս գործով «արդարացի քննություն ապահովել հնարավոր չէ… ավանդական կապերը թույլ չեն տա, որ գործով քննությունը օբյեկտիվ տարվի…»:

Վերադառնանք բեկանված դատավճռին: Այնտեղ նշված է. «Նարինե Նալբանդյանը իրենից բռնությամբ ցուցմունքներ կորզելու մասին առաջին անգամ հայտնել է միայն 2004 թվականի օգոստոսի 21-ին՝ ձերբակալումից ավելի քան 40 օր հետո…

Մինչ դեպքը տուժող Սարգսյանների տուն առհասարակ այցելած չլինելու և միայն դեպքից հետո այցելելու ու տուժողի հարազատների միջոցով հանցանքի և դրա կատարողների մասին կեղծ վարկածներ շրջանառության մեջ դնելու փաստը իր ցուցմունքներում ընդունել է նաև Նարինե Նալբանդյանը՝ պատճառաբանելով, որ տուժողի բնակարան գնացել է զուտ հետաքրքրասիրությունից, իսկ Սյուզաննա Սարգսյանի անհետանալու մասին կեղծ լուրեր է տարածել այն պարզ պատճառով, որ ոստիկանության աշխատակիցները Սյուզաննայի սպանության մեջ կասկածել են իր ամուսնուն, լուրերը տարածելով՝ ինքը նպատակ է ունեցել կասկածները հեռու տանել իր ընտանիքից…»:

Տուժողի դիակի հայտնաբերման վերաբերյալ ոստիկանության աշխատողները հայտնել են հետևյալը՝ ըստ դատական ակտի. «2004 թվականի հունիսի 8-ի առավոտյան բանավոր հանձնարարություն են ստացել Վարդենիս քաղաքի մշակույթի տան նկուղում, այդ տարածքում գտնվող, չգործող կաթսայատան տարածքում որոնողական աշխատանքներ կատարելու մասին… Կաթսայատան հյուսիսային կողմում գտնվող մազութի հորը եղել է ջրախառն մազութով լցված… Հորը բետոնապատ է եղել, մի քանի տեղերում անցքեր է ունեցել, որոնցից հերթականությամբ նայելուց հետո հորի մեջ ինչ-որ կասկածելի բան են նկատել, որը նմանեցրել են մարդու դիակի… Այդ ժամանակ իրենցից 10-15 մետր հեռավորության վրա, իր տան մոտ կանգնած Բագրատ Նալբանդյանից բահ են ուզել… Բագրատն ասել է, թե այդ հորում արդեն փնտրել ու ոչինչ չեն գտել… Ոստիկանները պնդել են, նա բերել է բահը… Երկաթե երկար ձողի միջոցով կասկածելի առարկան հրել են դեպի ավազանի հատակը, այն հետադարձ ուժի շնորհիվ ճեղքել է մազութաջրի շերտը, ու ոստիկանները նկատել են, որ դա դիակ է… Դիակը հայտնաբերելու պահին մազութապատված լինելու պատճառով նույնիսկ հնարավոր չի եղել պարզելու սեռը և մոտավոր տարիքը, տեսանելի չի եղել դիակի վրայի հագուստի գույնը… Բագրատ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ դիակի հայտնաբերման պահին ինքը նկատել է, որ նրա հագի վերնաշապիկը կապույտ է, բայց իրականում տուժողի հագուստները մազութապատ էին ու սև էին երևում… Այս հանգամանքը ևս վկայում է, որ Բագրատը տուժողին տեսել է մինչև նրան՝ մազութի հորի մեջ գցելը, նրա մոտ տպավորվել է տուժողի հագին եղած վերնաշապիկի գույնը…»:

12 տարի առաջ կատարված սպանության գործի դատական ակտի բեկանումը կարող է դառնալ դատական սխալի ուղղման սկիզբ: Չպետք է անտեսել,  սակայն, որ այն նաև որպես ծանր հարված կարող է ընկալվել տուժողի ընտանիքի կողմից: Տևական ժամանակ անցնելուց հետո այս սպանության նոր բացահայտում կատարելը շատ ավելի խրթին, նույնիսկ անհավանական կարող է լինել…

Նալբանդյանների շահերի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան, որ 12 տարի պատիժ կրող Նարինե Նալբանդյանը ազատ արձակվի: Փաստաբանը մտադիր է անել ամեն բան՝ «գործի ապացույցները իրենց տեղը տեղավորելու ու Նալբանդյանների անմեղությունը հիմնավորելու համար…»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League