Դուտերտեն Պուտինին բողոքել է ԱՄՆ-ից
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Ֆիլիպինների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռոդրիգո Դուտերտեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել:
Պուտինը նշել է, որ այս տարի Ռուսաստանն ու Ֆիլիպինները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակը: «Պատմական չափանիշներով սա կարճ ժամկետ է, բայց մեզ հաջողվել է շատ բան անել բազմակողմ համագործակցության զարգացման եւ վստահության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Պուտինը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Դուտերտեն Պուտինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ խոստովանել, որ շատ էր սպասում նրա հետ ծանոթանալու հնարավորությանը: «Ոչ միայն այն պատճառով, որ Դուք հզոր երկիր եք ներկայացնում, այլեւ առաջնորդի ձեր ունակությունների համար»,- պարզաբանել է նա:
Ֆիլիպինների նախագահը նշել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է արեւմտյան աշխարհի մաս կազմել: «Սակայն այսօր արեւմտյան ազգերը փորձում են հարձակվել փոքր երկրների վրա եւ վախեցնել նրանց»,- հայտարարել է Դուտերտեն: Որպես բացասական օրինակ նա նշել է ԱՄՆ-ն, որը, Դուտերտեի խոսքով, տարբեր երկրներում հակամարտություններ է հրահրում՝ Վիետնամում, Կորեայում, Իրաքում, Աֆղանստանում: «Դա ապակառուցողական քաղաքականություն է»,- հավելել է Դուտերտեն:



