Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանվել է երեք երկրաշարժ
SOCIETYՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ից մինչև 16-ը ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Նոյեմբերի 10-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 52 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցված 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ծնորի քաղաքից 14 կմ դեպի արևելք: Նոյեմբերի 14-ին 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.7) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Մարանդ քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 5 երկրաշարժ: Նոյեմբերի 11-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզու Իշինոմակի քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևելք: Վերջինիս հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Հոկտեմբերի 13-ին 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Հարավային կղզու Ամբերլի քաղաքից 53 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցմանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 19 հետցնցում, որից չորսը գերազանցել են 6.0 մագնիտուդը (6.1, 6.2, 6.4 և 6.4): Երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 մարդ: Երկրաշարժից անմիջա պես հետո հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին և սկսվել է ափամերձ բնակչության տարհանումը: Երկրաշարժից 2 ժամ անց ցունամիի 2,5 մետրանոց ալիքը հասել է ափամերձ տարածքներին, որից հետո ցունամիի վտանգը հանվել է: Ավերվել է Հարավային կղզու արևելքում գտնվող 2200 բնակչություն ունեցող Կաիկորա քաղաքը: Երկրաշարժից փլուզվել է Կաիկորա քաղաքից դեպի հյուսիս գտնվող Քլարենս գետի պատվարը, որի հետևանքով գետը վարարել է: Ավերվել են Կաիկորա քաղաք տանող ավտոճանապարհները և երկաթուղային հաղորդակցության ուղիները, որի պատճառով քաղաքը մեկուսացվել է: Տարվում են աշխատանքներ բնակչությանը և զբոսաշրջիկներին քաղաքից տարհանելու նպատակով:
Ցնցումները շարունակվում են:



