ԴԱՀԿ–ի գործողությունները հակասում են կառավարության գործունեության տրամաբանությանը
SOCIETYԱրդեն երկրորդ անգամ ԴԱՀԿ–ն փորձում է Մանվել Տեր–Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող անշարժ գույքը հանել աճուրդի, այն դեպքում, երբ սեփականատերը օրենքով սահմանված կարգով մինչ օրս այդ մասին ծանուցված չէ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Առաջին անգամ ԴԱՀԿ–ն 2016 թվականի փետրվար ամսին է այն հանել աճուրդի, սակայն հետագայում «հասկանալով», որ եթե սեփականատերը ծանուցված չէ, ապա նման քայլը պետական կառույցի կողմից օրենքի խախտում է, որոշում է կայացրել դադարեցնել աճուրդային գործընթացը և գույքը հանել է աճուրդից: Գործընթացը կասեցվել է սեփականատիրոջն այդ մասին իրազեկելու նպատակով և Մանվել Տեր–Առաքելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այսպիսով առաջին քայլով, թերևս կանխվել է օրենքի բացահայտ խախտումով «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի վաճառքն իրականացնելու գործընթացը: Ու այս թեման թերևս կարելի կլիներ սպառված համարել, եթե ԴԱՀԿ ծառայությունը երկրորդ անգամ նույն փորձը չկատարեր: Ի դեպ, զարմանալին այն է, որ կրկին ԴԱՀԿ–ն փորձում է աճուրդն իրականացնել, կրկին առանց գույքի սեփականատեր Մանվել Տեր–Առաքելյանին տեղյակ պահելու, այն դեպքում, երբ մինչ օրս այդ մասով օրենքի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և սեփականատիրոջ ծանուցված լինելու հանգամանքը մինչ օրս շարունակում է ուժի մեջ մնալ:
Ի դեպ, այս քայլը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «ուրիշի բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու» դիրքորոշմանը և բիզնեսներ չխլելու հայտարարությունները դառնում են սին, երբ ճիշտ հակառակ տրամաբանությամբ է ԴԱՀԿ–ն փորձում առաջ գնալ:
Չի բացառվում նաև, որ այս կերպ ԴԱՀԿ–ն փորձում է «կիսատ» մնացած գործերն ավարտին հասցնել, անտեսելով անգամ գործարարի կողմից բազմիցս արված այն հայտարարությունները, թե՝ պատրաստ է հակառակ կողմի հետ բանակցությունների արդյունքում դրական լուծում տալ հարցին, պայմանով, որ կողմերից ոչ մեկը չտուժեն:
Այստեղից հարց է ծագում, թե ինչո՞ւ է երկրորդ անգամ ԴԱՀԿ–ն փորձում շրջանցել օրենքը և արդյոք դա մեղմ ասած՝ տարօրինակ չէ՞:
Ի դեպ, Past.am-ի տեղեկությունների համաձայն ԴԱՀԿ ծառայությունում առկա են բազմաթիվ նմանատիպ գործեր, որոնցով տարիներ շարունակ աճուրդային գործընթաց չի իրականացվում, սեփականատիրոջն այդ մասին ծանուցելու հնարավորություն չլինելու պատճառով, բայց Մանվել Տեր–Առաքելյանի դեպքում կարծես դա էլ չի խանգարում, գործն արագ «հանգուցալուծելու» համար:
Սա ընդամենը մեկ օրինակ է ցույց տալու, որ նման գործելաոճը դեռևս շարունակվում է և ոչ միայն այս, այլև նման այլ դեպքեր պետք է կառավարության կողմից լուրջ ուսումնասիրության ենթարկվեն, իսկ իրենց օրենքից վեր դասողների հանդեպ պետք է օրենքով նախատեսված խիստ պատասխանատվություն սահմանվի:
Թերևս սա է միակ ճանապարհը, որի շնորհիվ մի կողմից կառավարությունը հրապարակավ ցույց կտա, որ կարող է նման քայլերը կանխել, իսկ մյուս կողմից էլ հավաստիացնել, որ ոչ միայն խոսքով է կանգնած բիզնեսմենի կողքին, այլ՝ գործով:
Արմինե Գրիգորյան
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
3
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
4
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...
5
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp



