Ինչպե՞ս նոր հայերը կրկին գրավեցին «КВН»-ի գավաթը
LIFEBlognews.am-ը գրում է.
Օրերս Կրեմլում կայացավ «КВН»-ի 55-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որի ժամանակ ելույթ ունեցավ և կրկին մրցանակի արժանացավ «Նոր հայեր» թիմը։ Թիմի անդամներից Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, BlogNews-ին լուսանկարներ է տրամադրել և մանրամասներ պատմել 16 տարի անց «КВН»-ի բեմ վերադառնալու մասին։

Հոբելյանական համերգին արտերկրից միայն «Նոր հայերն» են ներկայացել։ Մյուս 8 թիմերը ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունը։ Տղաները սկզբում չեն իմացել, որ իրենց ելույթը մրցութային է լինելու։ «Ի սկզբանե գիտեինք, որ դա ուղղակի հոբելյանական համերգ է։ Գարիկը երևի մոռացել էր մեզ ասել կամ մտքով չէր անցել։) Վերջին փորձի ժամանակ հասկացանք, որ լինելու է նաև ժյուրի, սակայն դա մեզ համար այնքան էլ նշանակություն չուներ։ Մենք ուղղակի պատրաստվում էինք լավ ելույթ ունենալ՝ անկախ նրանից՝ մրցույթ կլինե՞ր, թե՞ ոչ»,- ասաց Արմենը։

Ամեն դեպքում խմբին հաճելի է եղել 16 տարի անց կրկին մրցանակի արժանանալ։ Երեկոյի ժամանակ նախատեսված է եղել 3 մրցանակ՝ «КВН»-ի տառերով։ «Տեղեր սահմանված չէին, մենք ստացանք «В» տառը,- ասաց Մենչն ու հավեեց, որ շատ վաղուց նման զգացողություն չէին ունեցել։ -Երեխաների նման ուրախանում էինք։ Մինչև համերգը մոտ տասն օր Մոսկվայում էինք։ Վերջին տարիներին երևի առաջին անգամ էր, որ ես գրեթե դուրս չեկա հյուրանոցից։ Մենք ամբողջ օրը փորձեր էինք անում, սցենարը գրում, ջնջում, փոփոխում։ Մեզ համար շատ պատասխանատու էր այս համերգը։ Անկախ նրանից՝ մրցութայի՞ն էր, թե՞ ոչ, պետք է լավ ներկայանայինք։ Երևի երբեք այդքան շատ չէի դողացել բեմ դուրս գալու առաջ։ Դա միայն ինձ չի վերաբերում։ Մեր բոլոր տղաների մոտ նույն զգացողությունն էր»։
Դերասանը նշեց, որ այս համերգից առաջ մի փոքր լարվածություն ունեին նաև, որովհետև խաղին ներկա էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հումորիստը նշեց, որ ամենամեծ փոփոխությունն այն էր, որ բոլորը 16 տարով մեծացել են, իսկ բեմ դուրս գալուց առաջ ոչ մի տարբերություն չեն զգացել։ «Երբ բեմում նայում էի տղաների դեմքին, նույն կրակն էր, նույն հայացքը, տեսքը։ Նույնիսկ մյուս թիմերի անդամները նշեցին, որ երբ մենք հագանք մեր կոստյումները և դուրս եկանք բեմ, իրենց աչքի առաջ 96-99 թվականներն էին։ Իրենց մեջ էլ վախ կար, մտածում էին՝ էլի մենք եկանք, ամեն ինչ առաջվա պես կլինի։) Վերջում այդպես էլ եղավ։)»,- նշեց նա ու հավելեց, որ մրցակիցները մի քանի անգամ չեմպիոն դարձած թիմեր էին։ «Շատ աստղային թիմեր էին։ 9 թիմերում էլ կան մարդիկ, որոնք այսօրվա ռուսական շոու բիզնեսի աստղեր են»,- նկատեց նա։

Մենչը նշեց, որ թեև իրենց թիմում քչերն են գործունեությունը շարունակել այս ասպարեզում, համախմբման խնդիր չեն ունեցել։ «Մեր թիմում քիչ մարդ կա, ովքեր շարունակում են գործել այս ոլորտում։ Օրինակ՝ Ալիկը Վերականգնողական հիվանդանոցի գլխավոր տնօրեն է, Կարենը մոտ 20 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում, Արտակը Ռուսաստանում բանկի կառավարչի օգնական է, սակայն այս տասն օրվա ընթացքում բոլորս դարձանք այն տղաները, ովքեր 20 տարի առաջ առաջին անգամ բեմ էին դուրս գալիս։ Հեշտ համախմբվցինք, ուղղակի մի քիչ ուշ մտանք թեմայի մեջ։ Եթե այն տարիներին կարող է երկրորդ օրն արդեն բոլորս թեմայի մեջ լինեինք, հիմա այդ ադապտացիան մի փոքր ավելի ուշ եղավ։ Փառք Աստծո, ի վերջո, ամեն ինչ եղավ մեր ուզածի պես»,- եզրափակեց Մենչը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



