Հրազենային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երիտասարդներից մեկի մոտ դրական տեղաշարժ է նկատվում
SOCIETY«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով տեղափոխված երիտասարդներից մեկը վիրահատվել է, նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Մեզ մոտ տեղափոխվել է հրազենային վնասվածքով 3 երիտասարդ: Նրանցից մեկն արդեն մահացած է եղել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավոր երկու երիտասարդներն անհապաղ վիրահատվել են: Մեկ երիտասարդը վիրահատությունից հետո մահացել է: Նա ունեցել է ստամոքսի, լյարդի, աղիների և երիկամի վնասում, ինչպես նաև ներքին արյունահոսություն: Ինչ վերաբերում է երրորդ երիտասարդին, ապա նա ուներ երիկամի և լյարդի վնասում, վիրահատվել է, նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվում»,-ասաց Աննա Չոբանյանը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:



