Պայքարենք պատճառի դեմ, այլ ոչ թե հետևանքի. Արմեն Մկրտչյան
SOCIETYԱյսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Շարժման համակարգող խորհրդի անդամ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Վերջինս ընդգծեց, որ «Հայազն»-ն արդեն երեք տարվա կյանք ունի և իր երեք տարվա գործունեության ընթացքում փորձել է բոլոր թույլատրելի հարթակներով, հնարավոր և անհնար միջոցներով՝ երկրում դրական փոփոխությունների հասնել:
«Ցավոք՝ լոկալ և մասնավոր հաղթանակները չեն կարող քաղաքական ամբողջական փոփոխության բերել, ուստի և անհրաժեշտ է ընտրական պրոցեսներին ներգրավվել, սեփական գաղափարները և ծրագրերը համընդհանուր լուծման բերել և համընդհանուր հաղթանակի առաջ կանգնեցնել»,- ասաց նա:
Մկրտչյանն իր ունեցած փորձով կիսվեց ներկաների հետ, այն է՝ քաղաքացիական շարժումների ընթացքում, լոկալ պայքարների ընթացքում արձանագրված հաղթանականերն ընդամենը հետևանքների դեմ ուղղված լուծումներ են և ոչ թե իրական պատճառների.
«Եկել է ժամանակը, որ նոր սերնդի երիտասարդներով համախմբենք մեր ուժերը և պայքարենք պատճառի դեմ, այլ ոչ թե հետևանքների: Մեր շարժումը գնալու է դեպի հաղթանակ՝ Միասնություն, Սերնդափոխություն, Հաղթանակ»,- ասաց Արմեն Մկրտչյանը:



