«Միասնություն» շարժումը նոր խոսք է քաղաքականության մեջ, այն ինտելեկտի եւ ուժի շարժում է. Արման Վարդանյան
SOCIETYՔիչ առաջ տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համագումարի բացումը, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ նախաձեռնող խմբի անդամ, ԲՀԿ նախկին նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը: Անդրադառնալով շարժման գաղափարի ստեղծմանը` Խ. Գալստյանը նշեց, որ այն առաջացել է տարիների ընթացքում Հայաստանում կուտակված բազում սոցիալ–քաղաքական եւ տնտեսական բնույթի խնդիրներից ելնելով:

«Իշխանության և հասարակության միջեւ ձեւավորված անջրպետը, կուտակվող առաջին հայացքից անլուծելի համարվող հիմնախնդիրները ժամ առ ժամ սպասում են իրենց լուծմանը: Մենք այսօր նախաձեռնում ենք մի շարժում, որն իր հետ հասարակական-քաղաքական կյանք է բերելու, թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, առաջ է քաշելու բնականոն սերնդափոխության հարց: Այս շարժումը լինելու է սերնդի միասնության, հավասարության հաղթանակի շարժում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին, որոնց իրականացումը կախված է այս սերնդից:
Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համագումարի համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախեւառաջ համաձայնեց հնչեցված այն մտքի հետ, որ Հայաստանում այսօր առկա են լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը պարզապես անխուսափելի է.

««Միասնություն» շարժումը նոր խոսք է քաղաքականության մեջ, այն ինտելեկտի եւ ուժի շարժում է, դա մարդկանց շարժում է, ովքեր հավատում են իրենց ուժերին: Ամեն ինչ անելու ենք՝ գործով ցույց տալու մեր անելիքները»,- ասաց նա՝ հավելելով, որ կառույցն ազատ է, համագործակցության եւ ցանկության դեպքում շարժմանը կարող է միանալ ցանկացած քաղաքացի, որը կիսում է իրենց գաղափաները եւ պատրաստ է էնտուզիազմով իր առօրյան նվիրել պետության զարգացմանը.

«Նման ձգտումներ ու ցանկություն ունեցող անձինք կարող են միանալ շարժմանը: Մենք համոզված ենք մեր հաղթանակի մեջ»,- ասաց նա:
Նշենք, որ «Միասնություն» համազգային շարժմանը միացել է նաեւ «Հայազն» կուսակցությունը, որի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը շարժման համակարգող խմբի անդամ է: Շարժմանը միացել են նաեւ հասարակական մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն:









