Պետք է կարողանանք աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ բարձրացնել հայերին հուզող խնդիրները. Արփի Վարդանյան
POLITICSԱմերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակիտնօրեն Արփի Վարդանյանի խոսքով՝ կազմակերպության մեջ ընդգրկված հայերից եղել են եւ՛ Քլինթոնի, եւ՛ Թրամփի աջակիցներ:
«Մեր գրանցման ստատուսն այնպիսին է, որ մենք իրավունք չունեինք ձայն տալ կամ կողմ լինել ինչ-որ մեկին ընտրություններում: Մենք երբեք չենք ասել՝ քվեարկեք դեմոկրատների կամ հանրապետականների օգտին: Բոլորս գիտենք, որ Թրամփը նոր է այս դաշտում, քաղաքական փորձ չունի: Մենք չգիտենք, թե նա ինչպես կմոտենա քաղաքականությանը, որում, հնարավոր է, շատ անակնկալներ լինեն: Թրամփը կհավաքի իր շրջապատը, եւ պարզ կդառնա՝ ինչպիսի մոտեցումներ կցուցաբերվեն: Չգիտենք, թե ինչ փոփոխություններ է մտցնելու, քանի որ շատ բաների դեմ էր: Մենք 45 տարի աշխատել ենք եւ՛ դեմոկրատների, եւ՛ հանրապետականների հետ, նույն կերպ էլ պետք է աշխատենք նոր նախագահի, վարչակազմի, պաշտոնյաների հետ, որպեսզի հասկացնենք, թե որոնք են խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արփի Վարդանյանի դիտարկմամբ՝ բավականին շատ խնդիրներ կան, որոնց վրա պետք է շեշտը դնել:
«Նախեւառաջ, պետք է աշխատենք հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Արցախի խնդիրը, որը շատ լուրջ է. տեսանք՝ Ադրբեջանը ինչպես հարձակվեց Արցախի վրա եւ շարունակում է այդպիսի բաներ անել: Մտահոգիչ է այն, ինչ կատարվում է Թուրքիայում, սիրիահայերի խնդիրն էլ շատ լուրջ է, փորձում ենք այդ խնդիրները առաջ տանել: Եթե նայենք աշխարհի քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանը շատ փոքր է, համարյա չի երեւում, սակայն այն գտնվում է շատ կարեւոր մասում, եւ պետք է բոլորին հասկացնենք դա, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն մեր խնդիրնե րին»,-եզրափակեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը:



