Շտայնմայերը կայցելի Թուրքիա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 15-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է հենց արտգործնախարարը:
Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ Շտայնմայերն ասել է, որ ներկայում Թուրքիան գտնվում է ճամփաբաժանի վրա` կամ շարունակելու է ճանապարհը դեպի Եվրոպա, կամ այդ ճանապարհից հեռանալու է: Գերմանիայի արտգործնախարարը տարածաշրջանային բախումների համատեքստում կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը` ընդգծելով, որ տնտեսական ու անվտանգության նկատառումներից ելնելով դա անհրաժեշտ է նաև պաշտոնական Անկարային:
«Միայն Թուրքիայի վրա է պատասխանատվությունը, թե երկիրը որ ուղով կընթանա: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն իրադրություն է փոխվել: Այդ պատճառով մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը»,- ասել է նա:
Խոսելով Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի մասին` Շտայնմայերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կդառնա Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ այդ երկրի հետ տարվող բանակցային գործընթացի վերջը:



