Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Աղետ» համերգը կներկայացվի հայ հանդիսատեսին
SOCIETYՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի մասնակցությամբ: Այս առիթով համերգի կազմակերպիչները զրուցեցին լրագրողների հետ: «Սա խիզախ ծրագիր է, որում զետեղված են երեք կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սա այնքան լուրջ նախաձեռնություն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ փորձեց չեղարկել համերգները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:
Կոմպոզիտորն ընդգծեց, որ Էրդողանի պահանջից հետո Գերմանիայում ժողովուրդն ընդվզեց և մեկ ամիս անց Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: «Այնուհետև հայտարարվեց, որ հաջորդ համերգները կանցկացվեն Բելգրադում, Հայաստանում և Ստամբուլում, սակայն որոշ խնդիրներից խուսափելու համար Ստամբուլի համերգը չեղյալ հայտարարվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ճնշմամբ»,-ասաց Շարաֆյանը:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտն ասաց, որ ծրագրի գաղափարն առաջացել է վեց տարի առաջ, երբ ինքը հանդիպել է կիթառահար Մարկ Սինանին: «Մենք սկսեցինք համագործակցել, և երբ Մարկը պատմեց, որ ծնողներն իրեն հանձնել են մի թուրք ընտանիքի և հետագայում զոհվել, իսկ ինքը՝ մեծացել որպես թուրք, այնքան հուզվեցի, որ որոշեցինք այս նախագծի միջոցով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը»,-պատմեց տնօրենը:
Սկզբում նրանք ցանկացել են բեմադրել «Մուսա լեռան 40 օրը» օպերան, սակայն փոխել են իրենց որոշումը:
Համերգի գաղափարի համահեղինակ Անդրեա Մոլինոն շեշտեց, որ աշխարհում կատարվող բազմաթիվ իրադարձություններ իրեն տխրեցնում և անհանգստացնում են: «Արվեստը լեզու է, որի միջոցով հնարավոր է լուրջ հարցեր բարձրացնել և նպաստել դրանց լուծմանը»,-նշեց Անդրեան:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Լիլիա Նիկոյանի խոսքով`«Աղետ» ծրագիրը համապատասխանում է Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին, որոնք իրականացվել են այս տարիներին, և որոնք մասնակցում են ոչ միայն հայ, այլև այլազգի երաժիշտ-կատարողներ, նվագախմբեր:
2015 թ. Բեռլինում, 2016 թ.՝ Դրեզդենում և Բրանդենբուրգում հաջողությամբ իրականացված և լայն արձագանք գտած համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգային ծրագրում ընդգրկված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին: Դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները:



