Ավտոպատահարների արդյունքում տուժողներին վճարվելիք ապահովագրական հատուցման չափը կտասնապատկվի
SOCIETYԱՊՊԱ ոլորտում 2017 թվականի ապրիլի 1-ից ներմուծվող փոփոխություններով կմեծացվի ապահովագրական պատահարների արդյունքում բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափը: Ինչպես «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանիավտոապահովագրողների բյուրոյիգործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ապահովագրական հատուցման առավելագույն շեմը կավելացվի շուրջ 10 անգամ: «Մեկ պատահարի համար սահմանված 1 միլիոն 800 հազար դրամ սահմանաչափը, որպես կանոն, չէր բավարարում մի քանի տուժողի դեպքում: Հիմա մեկ պատահարի համար այդ սահմանաչափը փոխվել և հասել է 18 միլիոն դրամի: Այս սահմանաչափը բավարար է ծածկելու բոլոր տուժողներին հատուցվելիք բոլոր ծախսերը»,-ասաց նա՝ հավելելով, որ այս փոփոխությունը միտված է տուժողների շահերի պաշտպանությանը:
ԱՊՊԱ ոլորտում ուժի մեջ մտնող նոր փոփոխություններով կստանդարտացվեն բոլոր փաստաթղթերը: «Սա նշանակում է, որ ապահովագրական ընկերությունները սպառողների հետ հարաբերվելու են նույնատիպ փաստաթղթերով, ինչը թույլ կտա ստանալ առավել մատչելի եւ ամբողջական տեղեկատվություն»,-ասաց նա:
ԱՊՊԱ ոլորտում կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:



