ՀՀ կառավարությունը 2017թ. կվարի արտաքին պարտքի ներգրավման զգուշավոր քաղաքականություն
POLITICSՀայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2016թ. կգերազանցի 50 տոկոսը, ինչը կառավարությանը ստիպում է արտաքին պարտքի ներգրավման առումով ավելի զգուշավոր քաղաքականություն վարել։ Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։
«Քանի որ ենթադրվում է, որ 2016թ. մեր արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2016թ. կգերազանցի 50 տոկոսը, մեր օրենսդրությունը, ինչպես նաև ողջամտությունը մեզ ստիպում են ավելի զգուշավոր քաղաքականություն վարել: Դրա համար 2017թ. պետական բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ կան՝ 2016թ. պետական բյուջեի համեմատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Նա հավելեց, որ, պայմանավորված այդ հանգամանքով, 2017թ. պետական բյուջեով դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսը: «Սրանով պայմանավորված՝ մենք ունենք փոփոխություն բյուջեի այն մասում, որը վերաբերվում է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերին: Նախորդ տարվա բյուջեի ծրագրային ցուցանիշի համեմատ մենք ունենք փոփոխություն»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:



