Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԳերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուֆուք Գեզերը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Գեզերին հայտնել են գերմանական կողմի անհանգստությունը` կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Շթեֆան Շտայնլայնն անընդունելի է համարել ընդդիմության լռեցումն ու բանտարկումը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորներ, այդ թվում և կուսակցության համանախագահները, նոյեմբերի 3-ին ձերբակալվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամլինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու»մեղադրանքներով: Ձերբակալվածներից 9-ը կալանավորվել են:



