Սաուդյան Արաբիան սպառնում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան սպառնում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները, եթե Թեհրանը հրաժարվի նավթի արտադրության ներկայիս ծավալների սառեցման գաղափարից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները:
Դրանց տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՕՊԵԿ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիան սպառնացել է նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական 11-12 մլն բարելի եւ դադարեցնել սառեցման քննարկումները:
Իրանը հրաժարվում է սահմանափակել նավթի արդյունահանման ծավալները եւ պնդում է, որ պետք է ազատ լինի նման սահմանափակումներից, քանի որ իր նավթարդյունահանոմը նոր-նոր է վերսկսվում: Սեպտեմբերին Իրանը արդյունահանումը մեծացրել էր օրական 3.85 մլն բարելով եւ հայտարարել, որ պատրաստ է վերանայել սառեցման հարցը օրական 4.2 մլն բարելի սահմաններում միայն:
Սաուդյան Արաբիան պնդում է, որ Թեհրանը նավթի արդյունահանումը պետք է սառեցնի օրական 3.66 մլն բարելի սահմաններում: Այդ դեպքում Սաուդյան Արաբիան պատրաստ է իր արդյունահանումը կրճատել մինչեւ օրական 10.2 մլն բարել:
2014-ից Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը հասցրել է ռեկորդային՝ 10.5-10.7 մլն բարելի: Նավթարտադրության ավելի մեծ ծավալների դեպքում համաշխարհային շուկայում գները կարող են ճնշման տակ հայտնվել եւ մեծապես նվազել:



